Visa-ն ու Mastercard-ը խաղի նոր կանոններ են սահմանում ՌԴ բանկերի համար
Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը ռուսաստանյան բանկերին կպարտադրեն թողարկել միայն ոչ կոնտակտային քարտեր (NFC տեխնոլոգիայի կիրառմամբ), որոնք հնարավորություն կտան վճարել գնումների դիմաց մեկ հպումով:
Ինչպես հաղորդում է RBC-ն, վկայակոչելով սեփական աղբյուրները, համապատասխան պահանջները ներառված են ռուսաստանյան բանկերին ուղարկված հաղորդագրություններում: Ընդ որում, Visa-ն նոր կանոնները կկիրառի արդեն 2019թ. ապրիլի 13-ից, իսկ Mastercard-ը՝ 2021թ. ապրիլի 12-ից:
Mastercard-ի մամուլի ծառայությունում հաստատել են այս տեղեկատվությունը, իսկ Visa-ն չի պատասխանել RBC-ի հարցմանը: ՌԴ երեք բանկերում հայտնել են, որ ծանոթ են նոր կանոններին: Ինչ վերաբերում է «Միր» վճարային համակարգին, ապա վերջինս չի նախատեսում նման պահանջ կիրառել իր քարտերի համար:
Պարբերականը մեջբերում է փորձագետների մեկնաբանությունները, համաձայն որոնց՝ ՌԴ ԿԲ-ն չի պահանջում թողարկել ոչ կոնտակտային քարտեր, մինչդեռ կա պարտադիր պահանջ՝ քարտերի մեջ ներառել չիպեր, այդ իսկ պատճառով բանկերը թողարկում են ինչպես հասարակ, այնպես էլ NFC տեխնոլոգիայի կիրառմամբ քարտեր:
Mastercard-ի տվյալներով՝ Ռուսաստանում քարտերով կամ սմարթֆոններով ոչ կոնտակտային վճարումները կազմում են բոլոր գործարքների ավելի քան 50%-ը: Տեխնոլոգիան պահանջված են դարձնում պարզությունը, հարմարավետությունն ու անվտանգությունը:
2018-ի աշնանը Visa-ն տեղեկացրել էր, որ Ռուսաստանն առաջատար երկրների եռյակում է՝ ոչ կոնտակտային վճարումների թվով, որոնք կատարվում են ինչպես ոչ կոնտակտային քարտերի, այնպես էլ սմարթֆոնների (Apple Pay, Samsung Pay եւ այլն) միջոցով:
Աղբյուրը՝ banks.am կայք