ՀՀ-ում 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով
Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր գործարքների համար կիրականացվի անկանխիկ ձեւով:
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների դաշտը: Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 66 «կողմ», 28 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայներ:
Կենտրոնական Բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը նշեց, որ կարգավորումը ուժի մեջ կմտնի փուլային ռեժիմով․ Երևանում 2022թ.–ին, մարզկենտրոններում` 2023թ.–ին, Հայաստանի ամբողջ տարածքում` 2024թ.–ին։ Նրա խոսքով, Հայաստանում վերջին տարիներին գրանցվում է անկանխիկ գործառնությունների և էլեկտրոնային առևտրի աճ, ինչը կապված է ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման հետ։
Նախագծով նախատեսվում է կարգավորել իրավահարաբերություններն անկանխիկ վճարումների մասով։ Այս օրենքով կարգավորվող հիմնական ոլորտներն են ապրանքների դիմաց վճարումը, ունեցվածքի օտարումը, ապրանքների օգտագործումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների տրամադրումը, աշխատավարձը և այլն։
«Հիմնական կարգավորումը վերաբերում է հետևյալին. ֆիզիկական անձանց կողմից իրականացվող կանխիկ գործառնությունների շեմը սահմանվում է 300 հազար դրամ։ Այս գումարը գերազանցող ցանկացած գործառնություն պետք է իրականացվի անկանխիկ։ Բացի այդ, սահմանվել են մի շարք ոլորտներ, որտեղ այդ շեմը զրոյական է, օրինակ` պետբյուջե, առողջապահության, կրթության ոլորտներ կատարվող վճարներն ու մուտքերը, իրավաբանական ծառայությունները», – ասաց Աբրահամյանը։
Աբրահամյանը նշեց, որ 300 հազար դրամի շեմն ընտրվել է ուսումնասիրությունների և գործառնությունների փաստացի ծավալների վերլուծության արդյունքում։ Նա ընդգծեց, որ անկանխիկ վճարումներին անցումը թվային տնտեսության ձևավորման մի մասն է։