Ֆինանսների նախարարությունը հրապարակել է պարտադիր աուդիտի ենթական կազմակերպությունների ցանկը
Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝
- hանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները,
- խոշոր կազմակերպությունները,
- միջին կազմակերպությունները,
- խումբը, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է,
- խոշոր խմբերը,
- միջին խմբերը:
Միաժամանակ, Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` աուդիտի ենթակա կազմակերպությունները և խմբերը պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո: Առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ոչ ամբողջական կազմով հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են ՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Հիմք ընդունելով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերով սահմանված՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների, խոշոր կազմակերպությունների և միջին կազմակերպությունների սահմանումները` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նույնականացվել են 494 կազմակերպություններ, որոնց 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի և հրապարակման. ընդ որում, ցանկը սպառիչ չէ, քանի որ կազմված է ՀՀ ֆինանսների նախարարությունում այս պահի դրությամբ առկա տեղեկատվության հիման վրա:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ կից ցանկում ներկայացված կազմակերպությունները պարտավոր էին մինչև 2022 թվականի հունիսի 30-ը հրապարակել իրենց 2021 թվականի աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները:
Միաժամանակ հայտնում ենք, որ Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կազմակերպությունը, որի ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները կարող է հրապարակել՝
- իր ինտերնետային կայքում կամ
- http://www.azdarar.am ինտերնետային կայքում կամ
- ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում:
Ընդ որում, եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաև http://www.azdarar.am ինտերնետային կայքում:
Ֆինանսական հաշվետվությունները հրապարակումից հետո առնվազն 5 տարի պետք է պահպանվեն այն կայքում, որտեղ դրանք հրապարակվել են: