Հետևություններ 2015 թ. ՀՄԴ-ի կողմից անցկացված ՓՄԲ գլոբալ հարցումից. չափն ունի նշանակություն
Հաշվապահների միջազգային դաշնությունը (ՀՄԴ) հրապարակել է իր կողմից փոքր և միջին բիզնեսները (ՓՄԲ) ներկայացնող հաշվապահների շրջանում անցկացված գլոբալ հարցման արդյունքները: Այս անգամ հարցվածների թիվն ավելի մեծ էր. հարցմանը մասնակցել են 6700 հարցվածներ 169 երկրներից, ինչը 32%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Թերևս սա գործող հաշվապահների շրջանում անցկացված ամենալայնամասշտաբ հարցումն է: Հարցվածների այս քանակը հստակորեն վկայում է այն մասին, որ ՓՄԲ-ները տեղյակ են բիզնեսում և հասարակության մեջ իրենց ունեցած նշանակալի դերի մասին: Իսկ արդյունքներն ահազանգում են այն մասին, որ այդ ոլորտի մասնագետները պետք է զգոն լինեն ներկայիս և ապագայում սպասվող բազմաթիվ հնարավորությունների և սպառանալիքների առնչությամբ:
Տեխնոլոգիաների, գլոբալիզացիայի, մրցակցության և կարգավորման ոլորտներում կատարվող անընդհատ և սրընթաց փոփոխությունները բիզնեսը դարձնում են է՛լ ավելի բարդ: Այդ ամենը մեծապես ազդում է հաճախորդների կարիքների բնույթի, ինչպես նաև նրա վրա, թե ի՞նչ են նրանք ակնկալում իրենց հաշվապահներից և ինչպե՞ս են հաշվապահները մատուցում ծառայություններ: Ազդեցությունը տարածվում է նաև այն միջավայրի վրա, որտեղ իրականացվում է մասնագիտական գործունեություն: Չնայած փոփոխություններն ազդում են ՓՄԲ-ների վրա, սակայն այդ ազդեցությունը հավասարաչափ չի արտացոլվում բոլոր ՓՄԲ-ների վրա: ՓՄԲ-ների չափերով է հիմնականում պայմանավորվում նրանց կողմից մարտահրավերների դիմակայումը և նոր հնարավորություններից օգտվելու կարողությունը:
Քանի որ ՓՄԲ-ներն իրենց չափերով շատ տարբեր են (անհատական գործունեությամբ զբաղվողներից մինչև բազմաթիվ գրասենյակներ ունեցող միջին բիզնեսներ), իրենց հաճախորդների փոփոխվող պահանջներին նրանց արձագանքման ձևերը (այն առումով, թե ինչ ծառայություններ են նրանք մատուցում և ինչպես են կազմակերպում իրենց գործունեությունը) նույնպես զգալիորեն տարբերվում են միմյանցից:
Խոշոր բիզնեսների համեմատ՝ ՓՄԲ-ները որոշ առումներով ունեն իրենց բնորոշ առանձնահատկություններ: Դրանք սովորաբար ավելի անմիջականորեն են ներգրավվում ՓՄՁ-ներ հանդիսացող իրենց հաճախորդների խնդիրներում, որոնք վարձում են ՓՄԲ-ներին որպես տեխնիկական և կառավարչական հարցերով խորհրդատվության հիմնական աղբյուր: Բացի այդ, ՓՄԲ-ները սովորաբար բնութագրվում են իրենց հաստատուն թիմով, ճկունությամբ, համապատասխանեցված լուծումներով և մասնագիտական գիտելիքներով:
ՓՄԲ-ներն ունեն բազմաթիվ մարտահրավերներ: Ստորև ներկայացվում է մի վերլուծություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է բիզնեսի չափն ազդում այդ մարտահրավերների ընկալման և դրանց արձագանքման վրա:
Հեղինակ` Անթոնի Գոմեզ, ՀՄԴ ՓՄԲ հանձնաժողովի անդամ