Covid-19-ի դեմ Moderna-ի պատվաստանյութի շնորհիվ Աֆեյանը միլիարդատեր է դարձել
Covid-19-ի դեմ պատվաստանյութերի շնորհիվ աշխարհում 9 նոր միլիարդատեր է հայտնվել, որոնց թվում է նաև հայտնի ամերիկահայ գործարար և բարերար, Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Այդ մասին ասվում է The People’s Vaccine Alliance շարժման զեկույցում, որին անդամակցում են տարբեր իրավապաշտպան, հումանիտար և բժշկական կազմակերպություններ։
Միլիարդատեր են դարձել նաև Moderna ընկերության ևս 3 ներկայացուցիչ՝ գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը, ներդրողներ Թիմոտի Սփրինգերն ու Ռոբերտ Լանգերը։
Նոր միլիարդատերերի թվում են հայտնվել նաև BioNTech-ի ղեկավար Ուգուր Շահինը, իսպանական դեղագործական Rovi-ի գլխավոր տնօրեն Խուան Լոպես-Բելմոնտեն և չինական CanSino Biologics ընկերության 3 համահիմնադիրը։
Նշվում է, որ նոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասնում է 19․3 մլրդ դոլարի։