Այսօր բացվում է Դավոսի 50-րդ հոբելյանական համաժողովը
Հունվարի 21-ից 24- ը տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 բանախոսներն ու ավելի քան 3000 մասնակիցները քննարկելու են տնտեսության, տեխնոլոգիաների, էկոլոգիայի, արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր:
Ֆորումի այս տարվա բանախոսների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը, կլիմայի և բնապահպանական հարցերով ակտիվիստ Գրետա Թունբերգը և այլոք:
Այս տարի Դավոսի ֆորումին ավելի քան 100 միլիարդատեր կմասնակցի: Հյուրերի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է մոտավորապես 500 մլրդ դոլար։ Միլիարդատերերից 33-ն ԱՄՆ-ից է, 19-ը՝ Հնդկաստանից, 7-ը՝ Ռուսաստանից, այդ թվում՝՝գործարարներ Օլեգ Դերիպասկան և Վիկտոր Վեկսելբերգը:
Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբի հրավերով Հայաստանի նախագահը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը: Արմեն Սարգսյանը կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի, ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների մասին: