Ֆինտեխ ստարտափը կօգտվի «սպիտակ հաքերների» ծառայությունից
Revolut ֆինտեխ ստարտափը մտադիր է վարձել «սպիտակ հաքերների»՝ սեփական անվտանգության համակարգը «կոտրելու» եւ հետագայում այն կանոնավոր կերպով փորձարկելու նպատակով։
Ինչպես հաղորդում է Rusbase բիզնես պորտալը, Revolut-ի տեղեկատվական անվտանգության մասնագետները կփնտրեն խոցելի տեղերը եւ կվերլուծեն «դարք նեթը» («թաքնված ցանցը» – խմբ.)՝ հնարավոր սպառնալիքները գտնելու եւ կիբերհարձակումներն ու տվյալների արտահոսքը կանխարգելելու համար։
Ընկերությունը նախատեսում է նաեւ արդիականացնել սեփական IT հարթակը` դասական բանկային ենթակառուցվածքի հետ հույսեր չկապելու նպատակով: Revolut-ն այդ ենթակառուցվածքները համարում է ոչ վստահելի։
Ստարտափում կարծում են, որ ապագայում սեփական անվտանգությունն ուժեղացնելու համար դասական բանկերը ֆինտեխ ստարտափներ կգնեն։
«Ամենահեշտ տարբերակը, որին կարող է դիմել բանկը, ֆինտեխ ստարտափ ձեռք բերելն է եւ իր հաճախորդներին վերջինիս ենթակառուցվածքի վրա տեղափոխելը»,- կարծում է Revolut-ի տեղեկատվական անվտանգության գլխավոր մասնագետ Փոլ Հեֆերնանը։
Նրա խոսքով՝ բազմամիլիոնանոց հաճախորդներ ունեցող բանկերի մոտ այլեւս ժամանակ չի մնա անվտանգության համակարգի ամրապնդմանն ուղղված սեփական լուծումներ մշակելու համար. նրանք չեն կարող վտանգել իրենց հեղինակությունն ու շահույթը պարապուրդի պատճառով։
Ի սկզբանե ստարտափը մշակել էր դեբետային քարտ, որի միջոցով հնարավոր էր վճարումներ կատարել յուրաքանչյուր երկրում՝ փոխանակելով արժույթը միջբանկային փոխարժեքով։
2017թ. ստարտափը ներգրավել էր $250 մլն-ի ներդրում՝ հասցնելով իր արժեքը $1,7 մլրդ-ի:
2018թ. վերջին Revolut-ը Լիտվայում ստացել էր եվրոպական բանկային արտոնագիր, որը ընկերությանը թույլ է տալիս գործարկել մի շարք նոր ծառայություններ Լիտվայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Լեհաստանում:
Աղբյուրը՝ banks.am կայք