• English |
  • Հայերեն
Գլխավոր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պարտադիր աուդիտը նոր մոտեցում կստանա

Պարտադիր աուդիտը նոր մոտեցում կստանա

. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1461010427-9178

Խոշոր ընկերությունների` պարտադիր աուդիտ անցնելու իրավական պահանջը Հայաստանում ներդրվեց 2011թ., որի գլխավոր նպատակը հստակ էր՝ համապատասխանեցնել մեր օրենսդրությունը Եվրամիությունում գործող լավագույն մասնագիտական փորձին: Ներմուծելով այս գաղափարը՝ փորձում էինք հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության նկատմամբ վստահության ավելի բարձր մթնոլորտ ձեւավորել: 



Այն ժամանակ խոշոր կազմակերպությունների բնորոշումն անմիջականորեն կապված էր հասույթի եւ համախառն ակտիվների մեծության հետ. այս երկու ցուցանիշներից մեկի`1 մլրդ դրամը գերազանցելը բավարար պայման էր պարտադիր աուդիտ անցնելու համար: 


Պարտադիր աուդիտի դաշտում հայտնվեցին շուրջ 1000 կազմակերպություններ: Նրանցից որոշները, ունենալով 1 մլրդ դրամից ավելի ակտիվներ, անգամ գործունեություն չծավալելով` հայտնվեցին այդ դաշտում, հետեւաբար նրանց մոտ օբյեկտիվ դժգոհություն առաջացավ:

Սակայն պարտադիր աուդիտի նորմը վերացնելու իրական դրդապատճառներն այլ էին: Այդ նույն ժամանակաշրջանում նախատեսվում էր այլ իրավական ակտերի ընդունում (այդ թվում` այլընտրանքային ստուգումների) եւ այդ շրջանակում առաջարկվում էր նաեւ պարտադիր աուդիտի վերացում:


Տեղի ունեցավ հետեւյալը՝ նախատեսվող օրենսդրական նախաձեռնություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին, իսկ պարտադիր աուդիտի նորմը վերացվեց: Որպես մասնագետ` այն ժամանակ էլ մենք մեր դժգոհությունն ու անհամաձայնությունը բարձրաձայնեցինք տարբեր հարթակներում, ինչը, սակայն, արդյունք չտվեց:  


Մենք առաջարկում էինք պարտադիր աուդիտը վերացնելու փոխարեն նեղացնել դրա  շրջանակը, որպեսզի դաշտում հայտնվեին այն կազմակերպությունները, որոնք հանրային հաշվետվողականության առումով իսկապես հետաքրքիր էին:

 

Ներկայում հանրության մոտ պարտադիր աուդիտի նկատմամբ պահանջը շարունակում է արդիական լինել, եւ մենք փորձում ենք վերականգնել այն` արդեն վերանայված, ավելի հավասարակշիռ պայմաններով:

 

Նախատեսում ենք ներմուծել կազմակերպությունների տարանջատման ավելի ճկուն մեխանիզմ. առանձնացվելու են կազմակերպությունների 5 խմբեր. հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպություններ, որոնց արժեթղթերը շրջանառվում են շուկայում կամ որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ (բանկեր, ապահովագրական ընկերություններ եւ այլն), խոշոր, միջին, փոքր, միկրո կազմակերպություններ: Դրանց չափորոշիչները դեռեւս քննարկման փուլում են:


Նախնական քննարկումների համաձայն՝ պարտադիր աուդիտ անցնելու եւ դրանից հետո ֆինանսական հաշվետվությունները պարտադիր հրապարակելու են այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն հետեւյալ 3 պայմաններից առնվազն 2-ին՝ 1. Նախորդ տարվա հասույթը գերազանցում է 2 մլրդ դրամը, 2. Համախառն ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 2 մլրդ դրամը, 3. Աշխատակիցների միջին ցուցակային թիվը գերազանցում է 50-ը: Այս սահմանաչափերը նույնպես վերջնական չեն եւ դեռեւս քննարկման փուլում են:


Այս պարագայում պարտադիր աուդիտի դաշտում կհայտնվեն ոչ թե 1000, այլ արդեն 300-350 կազմակերպություն: 


 Այսօր աուդիտորական շուկայում գործում է 33 ընկերություն, որոնք, մեր գնահատմամբ, ի վիճակի կլինեն պարտադիր աուդիտի նորմի ներդրումից հետո սպասարկել հաճախորդների նախատեսվող ծավալը (300-350 ընկերություն): Այդուհանդերձ, չի բացառվում նաեւ նոր կազմակերպությունների մուտքը շուկա, հատկապես, որ աուդիտորական կազմակերպություններում որակավորված աուդիտորների պարտադիր պահանջը մեղմվելու է` 5-ից իջեցվելով 2-ի: Նույնիսկ եթե կազմակերպությունների թիվն աճի, ժամանակի ընթացքում դաշտում կմնան միայն որակյալ ծառայություններ մատուցող ընկերություններ: Չեմ կարծում, թե դրանք սնկի պես աճեն: 


Ինչ վերաբերում է փոքր եւ մեծ աուդիտորական կազմակերպությունների միջեւ մրցակցությանը, ապա փորձելու ենք այնպիսի միջավայր ստեղծել, որ «խտրականություն» լինի միայն որակի առումով:


Աուդիտորական գործունեություն իրականացնելու համար ընկերություններն այսօր համապատասխան լիցենզիա են ստանում ֆինանսների նախարարությունից: Այս գործառույթը պատվիրակվելու է պալատին, որը նաեւ իրականացնելու է աուդիտորական ընկերությունների ռեեստրի վարումը: Որակի հսկողությունը պալատն իրականացնելու է սեփական եւ հրավիրված օտարերկրյա մասնագետների միջոցով, որոնք պետք է հավաստեն, որ աուդիտորական բոլոր պրոցեսներն իրականացվել են միջազգային ստանդարտներին համահունչ: Հակառակ դեպքում, երբ որեւէ ընկերություն չի հետեւել այդ պայմաններին, պալատին կներկայացվի տվյալ  ընկերությանը ռեեստրից ժամանակավորապես հանելու (ըստ էության`գործունեության կասեցում) առաջարկ, եւ ժամանակ կտրվի թերությունները շտկելու համար:


Պալատը նաեւ իրականացնելու է ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների թարգմանություն, խմբագրում, գործող ստանդարտների անընդհատ թարմացում, ոլորտի դասընթացների, կրթական ծրագրերի իրականացում, հաշվապահի եւ աուդիտորի որակավորման տրամադրում եւ այլն:


Պալատը ստեղծվելու է Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի հիմքի վրա, որը գործում է արդեն 17-18 տարի: Նրան անդամակցելու են ինչպես աուդիտորական կազմակերպությունները, այնպես էլ հաշվապահի եւ աուդիտորի որակավորում (ասոցիացիայի, ACCA կամ այլ) ունեցող ֆիզիկական անձիք: 


Ներկայում աուդիտորական ընկերությունները լիցենզիա ստանալու համար վճարում են 250 հազ. դրամ պետական տուրք, որը հետագայում անդամավճարի տեսքով կուղղվի պալատի բյուջե: Նախատեսվում է նաեւ անդամավճարի փոփոխուն բաղադրիչ, որը կորոշվի` կախված կոնկրետ տարում պալատի բյուջեի հաստատումից: 


Հաշվապահական եւ աուդիտորական ոլորտի կարգավորմանն առնչվող այս նախագիծն առաջիկա 10 օրում կամբողջականացվի, իսկ մասնագիտական քննարկումներն ավարտելուց 10 օր հետո հանրային լայն քննարկումներ կանցկացվեն: Ծրագրում ենք, որ ապրիլի կեսից մայիսի սկիզբ նախագիծը կներկայացվի կառավարության հավանությանը, որին արժանանալուց հետո` կքննարկվի Ազգային ժողովում:

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@asatryans.com

Հասցե
Սախարով Բիզնես-Կենտրոն
Նալբանդյան 48/1, 5-րդ հարկ,
0010 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Բաժնետեր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.
Էլ.փոստ. general@asatryans.com

ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապնվեք մեզ հետ.
  • Հասցե:
    Սախարով Բիզնես-Կենտրոն
    Նալբանդյան 48/1, 5-րդ հարկ,
    0010 ք. Երևան, ՀՀ
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88